Անհագ երախը

Երկնքից նայող ամենատես մի աչք, որը հազարավոր կմ բարձրությունից ամեն ինչ տեսնում և զանազանում էր ու արդար դատում, տեսնում էր վերևից և՛ տառապողներին, և՛ չարակամներին և ամեն-ամեն ինչ։

Երկար տարիներ անթարթ նայելուց թուլանում է նրա տեսողությունը, տկարանում էր մի տեսակ։ Հեռուն չէր տեսնում, հեռվից միայն ձայներ էր լսում՝ տագնապալից աղմուկ աղաղակ, օրհնանք ու անեծք։ Ամենատես աչքը կանչում է իր մոտ բժշկին՝ աչքը բժշկելու համար։ Բժիշկը արագ բուժում է ամենատեսի աչքը՝ հեռացնելով ընդամենը ճանճին, որը լղոզվել էր ու փակել աչքի տեսողության կարևոր հատվածը։ Եվ անմիջապես տեսնում է, որ մի ամբողջ ազգ, մի խեղճ ժողովուրդ՝ մեջքներին դրած տներ ու շենքեր,  մեքենաներ, ոսկի ու արծաթ, վախից ահարկված ճկռտալով տանում լցնում են անհագ երախը։

Չէր հագենում անհագ երախը,—ասում էր, —Բերե՛ք, հա բերե՛ք։ Է՜․․․ խեղճ ժողովուրդ, էլ ոչինչ չուներ երախին տալու։

Ժողովուրդը ճարը կտրած դիմում է ամենատեսին։ Ամենատեսն էլ տալիս է նրանց մի փուշ, որ տանեն տան երախին ուտի։ Երախն էլ ագահաբար կուլ է տալիս այդ փուշը և փչում է իր վերջին շունչը։